BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Սա սոցիալական բեռի ավելացում է, ինչը չի կարող չհանգեցնել տնտեսական ճգնաժամի»

«Սա սոցիալական բեռի ավելացում է, ինչը չի կարող չհանգեցնել  տնտեսական ճգնաժամի»
16.01.2018 | 00:24

Թանկացումների դեմ «Ելքը» նախաձեռնել է բողոքի երթ, քանի որ, ըստ նրանց, մարդիկ պետք է դուրս գան փողոց ու պայքարեն, ԱԺ հարթակն արդեն սպառվել է: Մինչդեռ որոշ վերլուծաբաններ պնդում են, թե դա այն խնդիրը չէ, որով ընդդիմադիր ուժը պետք է մարդկանց փողոց հանի: Պետք է լայն օրակարգով մարդկանց պայքարի տանել, արմատական հարցեր դնել: Այս ձևակերպումների հետ համաձայն չէ «Ելք» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ:

-Նման բան ասողները որևէ առնչություն չունեն Հայաստանի քաղաքացու խնդիրների հետ և չեն գիտակցում, թե ինչն է հուզում մեր հայրենակիցներին,- ասաց Գորգիսյանը:- Մենք, որպես քաղաքական ուժ, մեր մատը մշտապես պահում ենք հասարակության զարկերակին և գիտենք, որ այսօր քաղաքացիներին ամենաշատ հուզող խնդիրը թանկացումներն են, Նոր տարվա թոհուբոհից հետո մարդիկ կանգնեցին փաստի առաջ: Որևէ ապրանքատեսակ չկա, որ չի թանկացել, եթե անգամ մի բան չի թանկացել, շուտով դա էլ կհայտնվի այդ ալիքի տակ: Այս ամենին գումարվում է նաև այն, որ հունվարին մարդիկ քիչ աշխատավարձ են ստանալու, ինչը նոր դժգոհությունների առիթ է դառնալու: Իսկ այս իրավիճակում մենք ժողովրդի կողքին կանգնած ենք: Մինչ մեր նախաձեռնությանը գնահատականներ տալը ուզում եմ հասկանալ` այդ մարդիկ այս երկրի համար ինչ են արել ու ինչ կշիռ ունեն քաղաքական դաշտում: Թող իրենց գործով զբաղվեն:
-Ամեն դեպքում, նրանց ասածում չկա՞ օբյեկտիվության նշույլ: Ի վերջո, պետք է պայքարել ոչ թե հետևանքների, այլ դրանք ծնող պատճառների դեմ: Այսինքն, ձևակերպել քաղաքական օրակարգ:
-Այս իշխանությունը ձևավորվել է ընտրություններով, ՀՀ քաղաքացիները տասը հազար դրամով ընտրել են նրան: Հիմա մենք այս քաղաքացիներին ասում ենք, որ եթե դուք ժամանակին խաբվել եք Կարեն Կարապետյանի սիրուն կոստյումներին, գեղեցիկ խոստումներին և հիմա առերեսվում եք իրականությանը, դուք իրավիճակ փոխելու հնարավորություն ունեք: Տեսաք նաև, թե ինչպես երեկ ԱԺ-ն մերժեց «Ծառուկյան» խմբակցության տնտեսական օրինագծերը, որոնցով առաջարկվում էր փոփոխություններ ամրագրել թանկացումների հանգեցրած օրենքում, բայց անգամ քննարկելու առաջարկությունները մերժվեցին, էլ ու՜ր մնաց օրենքում փոփոխություններ կատարելը: Նման փոփոխություններ նախորդ նստաշրջանում մենք ևս առաջարկել էինք, բայց դրանք հերթով մերժվեցին: Հետևաբար, ՀՀԿ-ն մտադիր չէ որևէ զիջման գնալու, քանի դեռ հասարակական պահանջ չկա:
-Խորհրդարանական համակարգի` խնդիրներ լուծելու հնարավորություններն սպառվե՞լ են:
-Այո, և մենք դա ցույց ենք տվել: Մեր ունեցած բոլոր մեխանիզմներով փորձել ենք հարցերը կարգավորել, սակայն ՀՀԿ-ն մնում է նույն կարծիքին, թե հասարակությունը որևէ բողոք չունի, համակերպվել է իրավիճակի հետ, տվել է իրեն վստահության քվե, իրենք էլ ինչ ուզում, անում են: Հասարակությունը շատ լուրջ հնարավորություն ունի ապացուցելու, որ այդպես չէ։ Հունվարի 19-ի մեր երթը հենց դրան է ուղղված, որ քաղաքացին ոտքի կանգնի և իրավիճակ փոխի:
-Կարծում եք` շա՞տ մարդ ոտքի կկանգնի:
-Այո:
-Ո՞րն է ձեր վստահության հիմքը:
-Թանկացումները հուզում են բոլորին: ՀՀԿ-ն վաղուց արդեն աղերս չունի իրականության հետ, իրենք ապրում են իրենց հորինած Հ1-յան Հայաստանում և մեր իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Երբ երկիրը ղեկավարող խումբը կտրված է իրականությունից, երկիրը գնում է կործանման: Հիմա մենք այդ ճանապարհին ենք:
-Ձեր երթը սոցիալական բունտի կվերաճի՞:
-Հասունանում է սոցիալական բունտը: Բողոքի ակցիան մի բան է, բունտը՝ մեկ այլ բան: Վերջինիս դեպքում հասարակությունն այլևս պահանջ չունի, ավերելու է ամեն ինչ, ՀՀԿ-ականներին էլ սրբել-տանելու է: Իսկ մենք հիմա առաջարկում ենք բողոքի ակցիա, որին եթե ականջալուր չեղավ իշխող կուսակցությունը, հաջորդ քայլը լինելու է բունտը, որն անվերահսկելի է, և որից կտուժի ողջ երկիրը:
-Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը չի աջակցում ձեր նախաձեռնությանը, փաստորեն, նրանք էլ են համոզված, որ չեք հաջողելու:
-Դա նրանց որոշումն է: Բայց երեկ համոզվեցին, որ այն, ինչ մենք մի քանի ամիս առաջ էինք փորձում, նրանց դեպքում էլ ձախողվեց (նկատի ունի օրենսդրական նախաձեռնությունների տապալումը-Ռ.Խ.): Հիմա արդեն մտածելու տեղ ունեն: Ամեն դեպքում, մենք յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք արել դուրս գալ երթի, որովհետև այս թանկացումներն ազդելու են բոլորիս վրա՝ իմ, քո, ԱԺ նախագահի: Սա թանկացում է, ինչն արդարացված չէ: Սա սոցիալական բեռի ավելացում է, ինչը չի կարող չհանգեցնել տնտեսական ճգնաժամի:
-Իշխող մեծամասնությունը մի քանի օրից լսումներ է նախաձեռնելու թանկացումների առնչությամբ, գուցե հնչե՞ն բոլորիս հուզող հարցերի պատասխանները:
-Չեն հնչի, որովհետև պատասխաններն ակնհայտ են:


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ